sous-ex, flou, et bougé


Նորայր Չիլինգարեան

Ես երբեք չեմ ջնջում իմ լուսանկարները։ Չգիտեմ, ինչպէս եմ վերաբերուելու դրանց ապագայում։ Չգիտեմ, արդեօք պէտք են գալու որեւէ այլ, թէկուզ ոչ ստեղծագործական պատճառով։ Գուցէ որպէս փաստագրական նի՞ւթ պէտք լինեն։ Կամ որեւէ ա՞յլ պատճառով։ Ինչեւէ, ես երբեք չեմ ջնջում լուսանկարներ։

Յան Գրարուպն էլ, երբ եկել էր Միրզոյեան գրադարան, պատմում էր, թէ երբեք նկար չի ջնջում։ Բնաւ ոչ բոլորն ա հրապարակում, մասնաւորապէս, չի հրապարակում շատ ծանր նկարներ, բայց գիտի, որ գուցէ մի օր պէտք գան։ Ասում ա՝ տեսնում էք, այսօր ասենք մարդիկ ստիպուած են լինում հանել հոլոքոստից նկարներ, որոնք այն ժամանակ, պատերազմից անմիջապէս յետոյ, երբ հոլոքոստի իրական լինելու կասկած չկար, չէին հրապարակւում։ Այնպէս էլ, գուցէ մի օր այն, ինչ կատարուել ա Ռուանդայում կասկածի տակ դնեն, ապա ես ունեմ նկարների արխիւ, որն, այսօր, ըստ իս, չարժի հրապարակել, բայց գուցէ ապագայում պէտք լինի։

Երէկ էլ Բոքս ֆոտոլաբում քննարկում էինք, թէ ինչպէս են մարդիկ ընտրում, թէ որ նկարները հրապարակեն Ժապաւէնում, ու ես ենթադրութիւն արտայայտեցի, որ ժամանակի հետ մարդկանց ընկալումը իրենց իսկ այսօր արուած նկարների հանդէպ կարող ա փոխուել։ Իրենք կարող ա աւելի բարձր գնահատական տան այն նկարներին, որ այսօր չեն ընտրել հրապարակումների համար։ Ու յղուեցի Դէյւիդ Բըրնեթի խօսքից մի հատուածին՝

Ես արդէն մի տարի ա, ինչ լուսանկարում էի, մի քանի նկար էի արել բասկետբոլի խաղերից, երբ իմացայ որ Ջոն Քենեդին լինելու ա Սալթ Լէյք Սիթիում կարճատեւ այցով։ Մայրս ու ես՝ նա միշտ ներգրաւուած էր քաղաքականութեան մէջ, տեղական քաղաքականութեան, մենք որոշեցինք գնալ եւ տեսնել նախագահին։ Իջանք այնտեղ, մարդկանց մէջ կանգնած էինք նախասրահում, այն որ մտնում էք պտտուող դռների միջով, եւ ահա նա՝ մտնում ա, մի քանի ձեռք ա սեղմում, անցնում ա հէնց իմ դիմացով։

Ես նոյնիսկ չէի կարողանում բարձրացնել խցիկն ու նայել, այնպէս որ, ես ունէի Vemar 135mm f2.8 ոսպնեակ Pentax֊իս վրայ, այնպէս որ պարզապէս դրեցի ֆոկուսն անվերջութիւն, իսկ հեռաւորութիւնն ոնց որ այստեղից մինչեւ խանութի այն պատը լինէր։ Ինչեւէ, հասայ տուն, երեւակում եմ ժապաւէնը, տեսնեմ, ես այդ բառակապակցութիւնը այն ժամանակ դեռ չգիտէի, բայց ֆրանսիացիները նման նկար տեսնելիս ասում են՝ «sous-ex, flou, et bougé» — նշանակում ա՝ մութ, լղոզուած, ու ֆոկուսից դուրս։

Դէ, նկատի ունեմ, այնքան վատ էի, որ չկարողացայ իրենից յստակ նկար ունենալ։ Այժմ նայում եմ այդ նկարին, քառասուն տարի անց, ու մտածում՝ «հմմմ, այնքան էլ լղոզուած չի, ինչքան ցոյց ա տալիս իր դինամիկան, զգացութիւնն ու ջահելադիմութիւնը, ու այնքան էլ ֆոկուսից դուրս չէ, այլ նախագահի էներգիան ու դինամիկան ներկայացնելու ստեղծագործական ձեւ ա»։ Եւ ես համոզեցի ինձ, որ դա արտակարգ նկար ա։ Դէ, գուցէ արտակարգ չի, բայց այնպիսի նկար ա, որը կարող եմ ցոյց տալ։

այս տեսանիւթից։

ՋէյԷՖՔէյ֊ի նկարը Դէյւիդ Բըրնեթի կայքում։